Երեկ խորհրդարանում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագիրը:
«ՀՀ կառավարությունը հրատապ է համարում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը՝ շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ: Աճելու է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը. արդյունքում ավելանալու են ռեսուրսները, սակայն դա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին. ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ»:
Ծրագրից այս հատվածը մեջբերում ենք, որպեսզի ընթերցողները պատկերացում կազմեն, թե ինչպիսի «տիտանական» աշխատանք է պատրաստվում անելու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես է պատրաստվում պայքարելու ստվերային տնտեսության դեմ: Ի դեպ, երբ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կոնկրետ օրինակներ են բերել իր, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «ստվերային» գործունեությունից, պարզվել է, որ մեր երկրի առաջընթացին խոչընդոտում են հենց բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների և ապօրինի գործունեության մասին բարձրաձայնող լրագրողները: Չմոռանանք, որ ամիսներ առաջ էլ, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր, անկեղծ պոռթկման մի պահի լրագրողներին անվանել էր «հաստավիզ»:
Դեռ հայտնի չէ, թե, հռչակագրային տեքստից բացի, Հովիկ Աբրահամյանն ինչպես է վարվելու Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, իր խնամի Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի և մյուս հայտնի օլիգարխների հետ, որոնք իրենց գործունեությամբ, ուզեն թե չուզեն, խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Միգուցե իրեն հայտնի մեթոդներով լռեցնելո՞ւ է օլիգարխների բիզնեսների մասին փաստեր հրապարակող լրագրողներին, որպեսզի գլխից էլ ազատվեն, գլխացավից էլ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ